Արդեն 52 տարի աշխարհում նշվում է Թատրոնի միջազգային օրը: Իսկ Հայաստանում վերջին տարիներին այդ օրն անցկացվում է «Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարգեւներ են հանձնվում թատերական աշխարհի գործիչներին:
Մարտի 27-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո անցկացվեց հերթական մրցանակաբաշխությունը: Այն այս տարի նվիրված էր հայ բեմի հանճարեղ դերասան Վահրամ Փափազյանի 125-ամյա հոբելյանին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, թատերական գործիչներ:
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը շնորհավորելով ողջ թատերասեր հասարակությանը՝ ընդգծեց, որ վերջին տարիներին թատերական կյանքում կատարվել է մեծ աշխատանք: Նա շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին թատրոնի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:
Թատրոնի միջազգային օրվա առթիվ բեմարվեստի նվիրյալներին շնորհավորեց նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա բարձր գնահատեց թատրոնի դերը հասարակության կյանքում, քանի որ այն մարդկանց հոգեւոր ու բարոյական դաստիարակության կարեւորագույն գործոններից մեկն է: «Շատ ուրախ եմ, որ «Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված է Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակին: Մեր ժողովրդի մեկ այլ մեծ` Մարտիրոս Սարյանը, խոսելով Փափազյանի արվեստի մասին, ասել էր.«Երբ ասում են դերասանական մեծ արվեստ, ես անմիջապես պատկերացնում եմ Փափազյանին»,-ասաց ԱԺ նախագահը: Խորհրդարանի ղեկավարը հավաստիացրեց, որ միշտ սատարելու է թատրոնի գործունեությանը: «Մենք զգում ենք հոգածության պակասը թատրոնի նկատմամբ եւ ապագայում կփորձենք շտկել դա»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Այնուհետեւ «Արտավազդ» մրցանականեր հանձնվեցին տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված դերասաններին եւ թատերական գործիչներին` առավել նշանակալի թատերական աշխատանքների համար: