ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 6-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին:
Չինաստանի դեսպանը Հովիկ Աբրահամյանին փոխանցեց ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ու Բանգոյի շնորհավորական ուղերձը` ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Դեսպանի համոզմամբ` Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման տարիներին ավելի կամրապնդվեն եւ կզարգանան հայ-չինական հարաբերությունները, կակտիվանա միջխորհրդարանական գործակցությունը: Դեսպանը նշեց, որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը եւ ԱԺ նախագահին հայ-չինական 20-ամյա հարաբերությունների մասին պատմող գիրք նվիրեց:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է տարբեր ոլորտներում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը: «Հասարակական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնումն ու խորացումը նպաստում են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխգործակցության ամրապնդմանն ու երկու հասարակությունների միջեւ շփումների ակտիվացմանը»,-ասաց ԱԺ նախագահը: Պարոն Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց` առավելագույնս նպաստելու հայ-չինական հարաբերությունների, մասնավորապես միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:
Կողմերն անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Դեսպան Թիան Չանչուն մասնավորապես նշեց, որ ՉԺՀ-ն բարձր է գնահատում
ղարաբաղյան հակամարտությունը միայն
խաղաղ ճանապարհով կարգավորելու Հայաստանի որդեգրած դիրքորոշումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: