Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովում հյուրընկալել էր խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին եւ լրատվամիջոցների ղեկավարներին:
Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահն իր խոսքում մասնավորապես ասաց. «Նման հանդիպումները, որ Ազգային ժողովում ավանդույթ են դարձել, կարծում եմ, պետք է շարունակական լինեն: Մեր աշխատանքները պայմանավորված են միմյանցով: Չի կարող լինել պառլամենտ, պառլամենտարիզմ առանց լրատվության եւ հակառակը»: Խորհրդարանի ղեկավարի խոսքերով` Ազգային ժողովը, պատգամավորները բավականին հրապարակային են աշխատում.« Եւ եթե կան ավելի հրապարակային լինելու եւ ձեր աշխատանքն ավելի դյուրին դարձնելու խնդիրներ, պատրաստ եմ ձեզ հետ աշխատել ու բոլոր այդ խնդիրները լուծել,- պատրաստակամություն հայտնեց Ազգային ժողովի նախագահը: - Ես կարեւորում եմ ձեր աշխատանքը: Առանց ձեր աշխատանքի մեր աշխատանքի արդյունքները չեն լինի»:
Շնորհավորելով գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ` Սամվել Նիկոյանը լրագրողներին ցանկացավ առողջություն եւ հաջողություններ: « Թող Նոր տարին յուրաքանչյուրիս ընտանիքին բարություն, խաղաղություն բերի, որպեսզի յուրաքանչյուրս կարողանանք ապրել բարեկեցիկ կյանքով եւ խաղաղ աշխարհում»,- բարեմաղթեց Ազգային ժողովի նախագահը:
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ խորհրդարանի աշխատանքները արհեստավարժ կերպով եւ բարեխղճորեն լուսաբանելու համար ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներ Մարիետա Խաչատրյանը («Ազգ» օրաթերթ), Գայանե Զարգարյանը («Իրավունք» թերթ), Հասմիկ Համբարձումյանը (panorama.am կայք), Մայա Խաչատրյանը ( Հայաստանի հանրային հեռուստաընկերություն), օպերատոր Հովհաննես Քոսյանը («Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն) եւ լուսանկարիչ Ֆելիքս Խաչատրյանը («Արմենպրես» գործակալություն) պարգեւատրվեցին ՀՀ ԱԺ նախագահի անվանական ժամացույցներով: