Դեկտեմբերի 12-ին Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանը, Գագիկ Գեւորգյանը, Ռուբեն Գեւորգյանը եւ Արմեն Մարտիրոսյանը, ժամանեց Ստեփանակերտ:
Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը եւ ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը:
Երկու հայկական հանրապետությունների խորհրդարանների նախագահները բարձր գնահատեցին միջխորհրդարանական համագործակցության մակարդակը, համոզմունք հայտնեցին, որ այդ հարաբերությունները շարունակաբար ավելի կակտիվանան ու կզարգանան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի, մշտական հանձնաժողովների աշխատանքները առավել արդյունավետ, իսկ օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով փորձագիտական խմբերի համատեղ քննարկումները ավելի հաճախական դարձնելու ճանապարհով:
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը պատրաստակամություն հայտնեց մասնակցելու եւ աջակցելու միջխորհրդարանական կապերի զարգացմանը նպաստող ցանկացած քննարկման, որը կլինի կառուցողական ու արդյունավետ: Այս համատեքստում նա ոչ միայն հնարավոր համարեց, այլեւ կարեւորեց ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին առնչվող, խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող աշխատանքային քննարկումներին: Ըստ ՀՀ ԱԺ նախագահի` այդ ձեւաչափը կուրվագծվի եւ իրատեսական կդառնա մոտ ապագայում համապատասխան մեխանիզմների մշակմամբ:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց նաեւ ԼՂՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների եւ պատգամավորների հետ:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպման ժամանակ արձանագրեց, որ երկու խորհրդարանների առջեւ ծառացած են բազմաթիվ խնդիրներ` սկսած օրենսդրական դաշտի կատարելագործումից մինչեւ խորհրդարանական դիվանագիտությանն առնչվող բազմաթիվ անելիքները, որոնք պետք է լուծվեն համատեղ ջանքերով: Այս առումով ցանկացած գործողություն, առաջարկ կամ ծրագիր, որը արդյունավետ կարող է լինել երկու հանրապետությունների զարգացման համար, պետք է լուծում ստանա:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին հարցեր, որոնք վերաբերում էին օրենսդրական դաշտի կատարելագործման ոլորտում համագործակցության մեխանիզմների ստեղծմանը, միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հետագա անելիքներին եւ ընդհանրապես միջխորհրդարանական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը:
Նույն օրը ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
ԼՂՀ նախագահը ողջունեց ՀՀ ԱԺ պատվիրակությանը, շնորհավորեց Սամվել Նիկոյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ գոհունակություն հայտնեց առաջին այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարելու համար:
ՀՀ ԱԺ նախագահի գնահատմամբ` իր նման դիրքորոշումը միտված է ապագային եւ նպատակ ունի շատ ավելի արդյունավետ դարձնելու միջխորհրդարանական համագործակցությունը:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին համազգային խնդիրներին, խորհրդարանական ու տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:
ԼՂՀ նախագահը ներկայացրեց տնտեսական տարբեր ոլորտներում ԼՂՀ արձանագրված հաջողությունները, առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման եղանակները: