ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 13-ին ողջույնի խոսքով ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատգամավորների նիստում:
Դիմելով ներկաներին՝ ԱԺ նախագահը նշել է, որ 2018 թ. Թավշյա հեղափոխության շարժիչ ուժը երիտասարդությունն էր, որն իր ձայնը բարձրացրեց հանուն ժողովրդավարական արժեքների:
«Հեղափոխությունից հետո ժողովրդավարական արժեքները մեր հիմնական առաջնահերթությունն են. արդեն իսկ աշխարհում խոսվում է հայկական ժողովրդավարության մասին»,-ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը:
Խոսելով քաղաքական դաշտում երիտասարդների ներգրավվածությունից՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Միջխորհրդարանական միության 30 տարեկանից ցածր խորհրդարանականների սանդղակում Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտությունը, ներառյալ՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը որպես ԵԱՀԿ տարածաշրջանում վստահությունն ամրապնդելու հարթակ:
Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ լայնամասշտաբ ագրեսիայի նոր փուլին՝ Ալեն Սիմոնյանը նշել է. «Մենք իրապես եւ անկեղծ նվիրված ենք խաղաղության օրակարգին, որը Հայաստանի Հանրապետության եւ տարածաշրջանի խաղաղ զարգացման ու համակեցության երաշխիքն է»:
ՀՀ ԱԺ նախագահը պատասխանել է երիտասարդ խորհրդարանականների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են խոսքի ազատության ամրապնդմանը, անվտանգային խնդիրների լուծմանը եւ ժողովրդավարական օրակարգի կետերին: