Տպել
06.02.2018
ՀՀ Ազգային ժողովի եւ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահները հանդես են եկել մամուլի ասուլիսով
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը փետրվարի 6-ին հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Արա Բաբլոյանն անդրադարձել է միջխորհրդարանական փոխգործակցությանը՝ կարեւորելով խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ 2018 թվականին Հայաստանն է նախագահելու ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, որի գագաթաժողովն անցկացվելու է աշնանը Երեւանում. սա նույնպես հայ-շվեյցարական համագործակցության կարեւոր հարթակներից մեկն է:

Անդրադառնալով այսօր ՀՀ Ազգային ժողովի նիստի ընթացքում Դոմինիկ դը Բյումանի ելույթին՝ Արա Բաբլոյանն ընդգծել է գործընկերոջ ելույթում հնչած Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ դատապարտմանը, ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող մոտեցումների կարեւորությունը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԼՂ հիմնախնդրի լուծումը մեկն է՝ խաղաղ բանակցային ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Խոսելով Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այն հնարավորություն կտա խորացնելու եւ ընդլայնելու կապերը Եվրոպայի հետ: Նա բարձր է գնահատել Շվեյցարիայի դերակատարությունը ժողովրդավարության տարածման գործում՝ փաստելով, որ միջխորհրդարանական հարթակներում շվեյցարացի պատգամավորները քվեարկում են հանուն ժողովրդավարության եւ խաղաղության:

Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը նշել է, որ առաջին անգամ է Շվեյցարիայից այսպիսի պատվիրակություն այցելում Հայաստան, թեեւ բարեկամությունն ու համագործակցությունն սկսվել են 1988-ից: Դոմինիկ դը Բյումանի խոսքով՝ հայ-շվեյցարական հարաբերությունները թեւակոխում են նոր փուլ, որի մեկնարկը տրվում է այս այցով:

Պարոն Բյումանը կարեւորել է անցյալ տարի հայ-շվեյցարական առեւտրային պալատի բացումը եւ ծավալած գործունեությունը՝ նշելով, որ շվեյցարացի գործարարների ուշադրության կենտրոնում են գյուղատնտեսության եւ գինեգործության, բարձր տեխնոլոգիաների եւ վերականգնվող էներգիայի ոլորտները:

Նա անդրադարձել է Շվեյցարիայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը՝ փաստելով, որ Հայաստանի բարօրությունն առաջին հերթին սկսվում է տնտեսական բարօրությունից:

Դոմինիկ դը Բյումանը հավաստիացրել է, որ Շվեյցարիան միշտ կլինի Հայաստանի կողքին՝ սկսած ճանապարհն անցնելու համար: Նա համոզմունք է հայտնել, որ շվեյցարական ավանդույթի համաձայն՝ տնտեսական զարգացումը կգա սահմանների բացման հետ:

Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները պատասխանել են լրագրողներին հետաքրքող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստան-Շվեյցարիա առեւտրաշրջանառության ծավալներին, հայ-թուրքական արձանագրություններին, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներին եւ միջազգային հանրության արձագանքին: