National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
04.10.2017
Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահի եւ Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահի ճեպազրույցը
1 / 2

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը հոկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովում հանդես են եկել ճեպազրույցով, որի ժամանակ ներկայացրել են պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շրջանակը:

Արա Բաբլոյանը նշել է, որ քննարկվել են երկու երկրների հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, որոնք վերաբերում են թե՛ միջխորհրդարանական դիվանագիտությանը եւ թե՛ միջպետական հարաբերություններին:

«Չեխիան Եվրոպայում մեր ամենակարեւոր գործընկերներից է, եւ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը: Երկու խորհրդարանների միջեւ համագործակցության խթանման հարցում կարեւորվել է բարեկամական խմբերի միջեւ ակտիվ փոխգործակցությունը»,-ասել է ՀՀ խորհրդարանի ղեկավարը:

Նա նշել է, որ քննարկվել են նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ դատապարտմանը վերաբերող հարցեր՝ կրկին փաստելով, որ այն ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, եւ նման ոճրագործությունների ճանաչումն ու դատապարտումը կարեւոր է դրանց հետագա կանխարգելման համար:

Պաշտոնական քննարկումների շրջանակում անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հիմնահարցի կարգավորմանը, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բացառապես խաղաղ ճանապարհով հարցի լուծմանը, Ադրբեջանի կողմից ոչ կառուցողական քաղաքականությանը եւ շփման գծում ագրեսիային:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքին, կարեւորվել են տարբեր միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակում երկկողմ հարաբերությունները:

Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին հրավերի եւ ընդունելության համար, ընդգծել է, որ արդյունավետ քննարկումներ են եղել: Նա նշել է, որ թեպետ Հայաստանն ու Չեխիան աշխարհագրորեն հեռու են միմյանցից, սակայն ունեն ընդհանրություններ եւ համանման խնդիրներ:

Նա գոհունակությամբ ընդգծել է, որ Չեխիան գնահատում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի եւ ժողովրդավարության զարգացումը եւ հավելել, որ Հայաստանը դիտարկվում է ժողովրդավարական երկիր, ուր կայանում են ազատ եւ արդար ընտրություններ եւ կա խոսքի ազատություն:

Պարոն Շտեխը կարեւորել է երկու երկրների միջեւ գործարար կապերի ընդլայնումը՝ նշելով, որ տնտեսական հարաբերությունների խորացումն իր հերթին կնպաստի երկու երկրների առավել սերտացմանը: Այս համատեքստում նա անդրադարձել է այսօր տեղի ունեցած հայ-չեխական գործարար համաժողովի արդյունավետությանը:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ պարոն Շտեխը նշել է. «Ես կողմ եմ միայն մեկ տարբերակի՝ դա Մինսկի խմբի համանախագահների միջոցով հարցի խաղաղ կարգավորումն է եւ կարծում եմ, որ գերտերություններ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան պետք է կարողանան ապահովել խնդրի արդար եւ խաղաղ լուծումը»:

Չեխիայի Սենատի նախագահը խոսել է նաեւ Ադրբեջանում չեխական զենք հայտնվելու վերաբերյալ՝ նշելով, որ Չեխիայի Հանրապետությունը զենքեր չի վաճառել Ադրբեջանին: «Չեխիայի Հանրապետությունը հարգում է այն էմբարգոն, որը դրված է այդպիսի վտանգավոր երկրների վրա: Չեմ հասկանում, թե ինչպես են հասել այդ զենքերն Ադրբեջան, բայց հավաստիացնում եմ, որ Չեխիայի իշխանությունները դրան համաձայնություն չեն տվել»,-ընդգծել է Միլան Շտեխը:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am