National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
02.11.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մամուլի ասուլիսը
1 / 4

Նոյեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մանրամասներ ներկայացրեց հոկտեմբերի 29-31-ը խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության՝ Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի վերաբերյալ, պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Հոկտեմբերի 29-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Կարլովի Վարիի քաղաքապետ Պետր Կուլհանեկի եւ նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ կապերի զարգացմանը եւ միջտարածաշրջանային համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Առաջարկվել է, որպեսզի փոխգործակցություն հաստատվի Կարլովի Վարի եւ Ջերմուկի միջեւ՝ հռչակելով դրանք քույր քաղաքներ, ինչը չեխական կողմից ոգեւորությամբ է ընդունվել: Նահանգապետ Յոզեֆ Նովոտնին իր հերթին առաջարկել է, որ Հայաստանի այլ քաղաքները նույնպես սերտ կապեր հաստատեն նահանգի քաղաքների հետ:

Կարլովի Վարիում ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելել է համաշխարհային ճանաչում ունեցող «Մոսեր» հախճապակյա արտադրանքների ընկերություն, Յան Բեքեր թանգարան ու Յան Բեքեր-Կարլովսկա Բեքերովկա արտադրության սրահ:

Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի՝ ընդլայնված հազմով հանդիպումը, որին հաջորդել է համատեղ ասուլիս: Սենատի նախագահի հետ քննարկվել են միջխորհրդարանական համագործակցության հարցեր: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ընդգծվել է ՀՀ Ազգային ժողովի հետ հարաբերությունների աշխուժացման չեխական կողմի պատրաստակամությունը: Հովիկ Աբրահամյանը Չեխիայի Սենատի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է: Ակնկալվում է, որ այցը տեղի կունենա 2013 թ. գարնանաը:

Չեխիայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բոնիշի եւ խմբի անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել են բարեկամական խմբերի եւ խորհրդարանների միջեւ համագործակցության խորացմանը, միջազգային կառույցներում փոխգործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Չեխ գործընկերները նույնպես ցանկություն են հայտնել այցելելու Հայաստան, տեղում շփվելու հայ խորհրդարանականների հետ, քննարկվել է Լեռնային Ղարաբաղ նրանց այցելելու հնարավորությունները:

Նույն օրը ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները այցելել են Լիդիցե տուն-թանգարան, շրջայց կատարել Լիդիցե հուշահամալիրում, ծաղիկներ դրել անմեղ զոհերի շիրիմին եւ Լիդիցեի երեխաների արձանի մոտ, եղել Լիդիցեի մանկական պատկերասրահում:

Երեկոյան ԱԺ նախագահը հանդիպել է Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քննարկված բազմաթիվ հարցերի թվում Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է Հայաստանի իշխանությունների որդեգրած ներքին եւ արտաքին քաղաքականությունը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, հայ-թուրքական հարաբերությունները, պատասխանել մեր հայրենակիցներին հուզող բազմաթիվ հարցերի:

Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ՉՀ առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի հետ: Քննարկված երկկողմ հերաքրքրություն ներկայցնող հարցերի թվում անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում ՉՀ դիվանագիտական ներկայացուցչությանը Չեխիա մուտքի արտոնագրեր տալու արտոնություն շնորհելու հարցը: Անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, սաֆարովյան գործին, այդ առումով ՉՀ արտգործնախարարի արած հայանպաստ հայտարարությանը, որով դատապարտվել են թե հունգարական, թե ադրբեջանական իշխանությունների քայլերը:

Չեխիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Միրոսլավա Նեմցովայի հետ Հովիկ Աբրահամյանի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են միջխորհրդարանական գործակցությունն ակտիվացնելու հեռանկարները: Տիկին Նեմցովան նույնպես պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստանի Հանրապետություն:

Պրահայի առաջնորդարանում ԱԺ նախագահը հանդիպում է ունեցել Պրահայի արքեպիսկոպոս, Բոհեմիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Չեխիայի միջեւ հարաբերությունների զարգացումը բոլոր ուղղություններով եւ այս համատեքստում կարեւորել Հայ առաքելական եկեղեցու եւ չեխ կաթոլիկ եկեղեցու փոխգործակցությունը: Բարձրացվել է նաեւ Պրահայում հայկական եկեղեցու հողահարկացման հետ կապված խնդիրը: Կարդինալ Դուկան վստահեցրել է, որ հարցը պատշաճ կերպեվ կներկայացնի երկրի իշխանություններին:

Նույն օրը Հովիկ Աբրահամյանը հանդիպել է նաեւ ՉՀ Սենատի առաջին փոխնախագահ Պրշեմիսլ Սոբոտկայի հետ, ով ժամանակին վեց տարի ղեկավարել է Սենատը: Քննարկվել են ինչպես միջխորհրդարանական, այնպես էլ միջկուսակցական համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ միջազգային խորհրդարանական կառույցներում փոխգործակցության անհրաժեշտությանը:

Այնուհետեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ միջեւ հնարավոր համագործակցությանը՝ ԱԺ նախագահը ասաց. «Մենք պաշտոնական համագործակցության որեւէ քննարկում չենք ունեցել»: Խորհրդարանի ղեկավարը, սակայն չբացառեց, որ ԲՀԿ-ի հետ հնարավոր է որոշակի պայմանավորվածություն ձեռք բերվի կամ հուշագրի ձեւով, կամ այլ ձեւաչափով. «Իմ նպատակն է, որ համերաշխ գնանք նախագահական ընտրությունների»: Նա ընդգծեց, որ իշխանությունները պատրաստակամ են համագործակցելու ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ առկա բոլոր քաղաքական ուժերի հետ, եթե նրանք հանդես գան ողջամիտ առաջարկներով եւ պատրաստակամություն հայտնեն սատարելու Սերժ Սարգսյանին:

Լրագրողների խնդրանքով Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ իր եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ինքնաթիռում ունեցած հանդիպման մասին լուրերին: Նա հաստատեց, որ իրենք եղել են նույն ինքնաթիռում` Պրահա-Երեւան չվերթում:

«Ես մեր պատվիրակության հետ ինքնաթիռում էի, երբ ներս մտավ պարոն Քոչարյանը: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, հարգելով երկրորդ նախագահին, իր տեղն առաջարկեց նրան»: Նրանք զրուցել են, սակայն որեւէ քաղաքական հարց չեն քննարկել: Հովիկ Աբրահամյանը Ռոբերտ Քոչարյանին պատմել է Չեխիա կատարած իր այցի մանրամասները: Աբրահամյանը զարմացավ՝ լսելով, որ իր եւ երկրորդ նախագահի միջեւ պայմանավորվածություն է եղել: «Իմ կարծիքով՝ ինքնաթիռում պայմանավորվելը լավ ձեւաչափ չէ: Խորհուրդ կտայի՝ դուք էլ նման պայմանավորվածություն չունենաք»,-լրագրողներին դիմելով ասաց ԱԺ նախագահը:

Իսկ առաջիկա նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը հնարավոր է ղեկավարի Հովիկ Աբրահամյանը, քանի որ այդ գործում բավականին մեծ փորձ ունի: «Մենք կուսակցությունում նման հարց չենք քննարկել, սակայն ես ունեմ բավական մեծ փորձ այդ ուղղությամբ, ուստի չի բացառվում, որ ես կղեկավարեմ այն»,-ասաց Աբրահամյանը:

Հարցին, թե արդյոք ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը կարող է ինչ-որ առումով փոխել, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ որեւէ թեկնածուի՝ մրցապայքարի մեջ մտնելը չի թերագնահատվում, «բայց մենք ունենք մեր թեկնածուն»: Նա եւս մեկ անգամ ընդգծեց իշխանությունների՝ բացառիկ թափանցիկ, ազնիվ եւ ժողովրդավարական նախագահական ընտրություններ կազմակերպելու պատրաստակամությունը:

Հայաստանում 2013թ. կայանալիք նախագահական ընտրություններին զուգահեռ բացառված չէ, որ փոփոխություն կլինի նաեւ Սահմանադրության մեջ: Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունում այս հարցը դեռ մանրամասն չեն քննարկել, բայց նման խոսակցություն եղել է: Մանրամասների մասին ԱԺ նախագահը խոստացավ տեղյակ պահել հանրությանը:

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձավ նաեւ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում «վիրահատական» միջամտության անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետի հայտարարությանը: «Ես նորմալ եմ համարում, որ այս հարցում վարչապետը ցանկանում է համագործակցել նաեւ քաղաքական ընդդիմադիր ուժերի հետ: Կարծում եմ, որ մենք բոլորս միասնական պետք է պայքարենք կոռուպցիայի դեմ: Կոռուպցիայի դեմ պայքարում մեծ անելիք ունի ԱԺ-ն, որպես օրենսդիր մարմին, որտեղ ներկայացված են հիմնական քաղաքական ուժերը: Գործընթացին պետք է մասնակից դառնան նաեւ ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակությունը»,-ասաց նա:

Հովիկ Աբրահամյանը նաեւ շեշտեց, որ պետական մարմինները չպետք է սպասեն հանձնարարականների իրենց լիազորություններն իրականացնելու համար, միեւնույն ժամանակ ընդգծելով, որ բավականին մեծ դրական տեղաշարժեր եւ զգոնություն է նկատում գերատեսչություններում. «Լավ կլիներ, որ բոլորը, այն, ինչ օրենքով վերապահված է իրենց, կատարեն բարեխիղճ , եւ չսպասեն, որ որեւէ հաձնարարություն տրվի: Ես գտնում եմ, որ հարապետության Նախագահի այս հանձնարարականները շատ տեղին են : Դրական մեծ փոփոխություններ եւ զգոնություն եմ նկատում բոլոր գերատեսչություններում: Մարդիկ շատ արագ փորձում են թերությունները վերացնել, չարված գործերը կատարել: Դա շատ լավ է: Ես բարձր եմ գնահատում, եւ համոզված եմ, որ Նախագահը լինելու է հետեւողական, որպեսզի բոլորը իրենց վերապահված լիազորությունները կատարեն մինչեւ վերջ»:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am