Տպել
12.10.2021
ՀՀ ԱԺ նախագահի ճեպազրույցը
1 / 4

ԱԺ նախագահ  Ալեն Սիմոնյանը   ճեպազրույց է ունեցել ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների հետ:   Լրագրողներն ի թիվս այլ հարցերի՝ ԱԺ նախագահից  հետաքրքրվել են  վերջերս  Մոսկվա կատարած պաշտոնական այցից՝ մասնավորապես    հարցեր են հնչել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ  հանդիպման  ու ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ:    Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ   բոլոր հանդիպումների առանցքում եղել է  ռազմագերիների հարցը եւ 2020 թվականի, նոյեմբերի 9-ի    հայտարարության կետերի կատարումը:

«Այդ համատեքստում   մեր ռուս գործընկերների մոտ կա իրավիճակի հստակ ընկալում եւ մեր ունեցած պատկերացումները գրեթե   ամբողջությամբ համընկնում են» ,-նշել է  Աժ նախագահը:

Ալեն Սիմոնյանը փաստել է  այդ հարցերի լուծման ուղղությամբ աշխատելու   Մոսկվայի  պատրաստակամությունը:

Անդրադառնալով ռազմագերիների խնդրին՝ Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ  Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին վաղուց պետք է վերադարձրած լիներ: Խորհրդարանի  ղեկավարը արձանագրել է, որ Ադրբեջանը  փաստացի չի կատարում   ստանձնած պարտավորությունները՝ բերելով տարբեր շինծու արդարացումներ:

«Եվ երբ ես ասում եմ, որ ընկալումը մեր ռուս գործընկերների մոտ նույնն է, ես նաեւ  դա նկատի ունեմ, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, որը ենթադրում է բոլոր պահվող անձանց վերադարձը,  աներկբա պետք է կատարվի»:

Անդրադարձ կատարելով հաղորդակցության ուղիների ապաշրջափակման թեմային Ալեն Սիմոնյանն առանձնահատուկ շեշտել է գերիների վերադարձի հարցը, մասնավորապես նա նշել է «Այսօր, երբ խոսում ենք ճանապարհների բացման, հարաբերությունների եւ խաղաղության մասին, պետք է մի բան մշտապես ասենք, որ այդ ճանապարհները բացելուց բացի այդ ճանապարհներով նախեւառաջ պետք է մեր ռազմագերիները վերադառնան»:

ԱԺ նախագահը  նշել է, որ  Ադրբեջանում պահվող կին  գերու  հետ կապված տեղեկատվություն  կա, ինչը, ցավոք, ադրբեջանական կողմը չի հաստատում: Ճեպազրույցում   Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ այսօր    Կարմիր խաչի   միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ սպասվող հանդիպմանը  պատրաստվում է այդ հարցը քննարկել:

Անդրադառնալով  Ադրբեջանի դիպուկահարի կողմից Մարտակերտի  շրջանում  գյուղատնտեսական աշխատանքներ  իրականցնող Արամ  Տեփնանցի   սպանության  դեպքին` Ալեն Սիմոնյանը նշել է, որ  ընթանում  է քննություն  եւ իր ունեցած տեղեկությունների համաձայն` այդ դեպքի  անմիջական մասնակիցները հեռացվել են զբաղեցրած պաշտոններից:

Աժ նախագահին ուղղված հարցերի շարքում էր նաեւ  «Ֆրիդոմ Հաուս»-ի   կողմից իշխանություններին արված կոչերը՝ անհապաղ դադարեցնելու  ծանր վիրավորանքների համար նախատեսված քրեական  պատասխանատվությունը:

Այս եւ այլ հարցերի պատասխանների մանրամասները դիտեք ստորեւ ներկայացված տեսանյութում: