National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
19.12.2017
Արա Բաբլոյանի ելույթը ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ
1 / 1

Հարգելի համանախագահներ,

հարգելի գործընկերներ,

տիկնայք եւ պարոնայք,

ողջունում եմ ձեզ Երեւանում՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի անցկացման կապակցությամբ:

Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն կունենանք քննարկելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Եվրոպական խորհրդարանի միջեւ համագործակցության նոր հնարավորություններն ու հեռանկարները:

Օրեր առաջ Բրյուսելում ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ գործընկերության հավակնոտ փաստաթուղթ է, որը նոր էջ է բացում երկկողմ հարաբերությունների պատմության մեջ:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանն անկախությունից ի վեր մշտապես հայտարարել է, որ Եվրոպական միության հետ սերտ համագործակցությունը երկրի առաջնային ուղղություններից մեկն է: Եվրոպական միությունը նախ եւ առաջ արժեքների հանրություն է, որը մենք պաշտպանում ու կիսում ենք: Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը մեր գիտակցված ընտրությունն է, եւ այդ գործընթացն անշրջելի է: Ապացույցը՝ տարիներ շարունակ եվրոպական կառույցների հետ սերտ համագործակցությունն է եւ Եվրոպական միության կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցությունը, որն ուղղված է Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացմանը, պետական կառույցների ամրապնդմանը, հանրային կառավարման բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը եւ այլն: Սա հսկայածավալ աշխատանք է, որ կատարվել է, եւ որի համար մենք շնորհակալ ենք: Գոհունակությամբ կարող եմ նշել, որ վերջին երկու տարիների ընթացքում մեր երկրին հաջողվեց գրեթե ամբողջովին իրագործել 2015թ. ստանձնած պարտավորությունները:

Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեր փոխգործակցության նշանակալի զարգացումներն ու առաջիկա անհրաժեշտ քայլերն ուղենշող փաստաթուղթ է՝ խարսխված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, ժողովրդավարության ու իրավունքի գերակայության վրա: Այս համաձայնագիրը մեզ հնարավորություն կտա նոր թափ հաղորդել մեր պետության եւ հասարակության արդիականացմանն ուղղված համատեղ ջանքերին: Այն կընդլայնի լայնածավալ բարեփոխումների օրակարգը: Հավատացած եմ, որ այս ուղղությամբ տարվող Հայաստանի եւ Եվրոպական միության մեր գործընկերների հաստատակամ քայլերը կհանգեցնեն մեր հասարակությունների առավել մերձեցմանը: Մենք պետք է համատեղենք մեր ջանքերը ԵՄ-Հայաստան համագործակցության այս նոր փուլում արդյունավետ աշխատելու համար: Այս առումով, ես մեծապես կարեւորում եմ Եվրոպական խորհրդարանի եւ Ազգային ժողովի համագործակցության խորացումը: Որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ՝ կանեմ հնարավորը՝ կառուցողական երկկողմ եւ բազմակողմ նախաձեռնություններին Հայաստանի խորհրդարանի ակտիվ մասնակցությունը երաշխավորելու համար:

Հարգելի գործընկերներ,

գտնվելով քաղաքակրթությունների խաչմերուկում՝ Հայաստանը համագործակցության կամուրջներ ունի ինչպես հարեւան երկրների, այնպես էլ տարբեր ձեւաչափերում գործող միջազգային կառույցների հետ՝ ի նպաստ մեր երկրի զարգացմանն ու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը: Մեր գործընկերները Հայաստանը մատնանշում են որպես տարբեր ինտեգրացիոն կառույցները մերձեցնող երկիր, որն առաջնորդվում է շահերի հաշտեցման, համադրման եւ համագործակցության ոգով: Իմ խորին համոզմամբ՝ մեր համագործակցության իրավական նոր հիմք հանդիսացող համաձայնագրի ստորագրումը բոլորիս հաջողությունն է:

Հարգելի գործընկերներ,

կուզենայի անդրադառնալ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին:

Տարածաշրջանում խաղաղության ու կայուն զարգացման հասնելու մեր ձգտումը եվրոպական գործընկերների հետ միասնական է: Կարեւոր է, որ ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւս մեկ անգամ վերահաստատում է Եվրոպական միության հանձնառությունն աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության հանգուցալուծման ջանքերին:

Չնայած, որ Ադրբեջանը մշտապես փորձում է խեղաթյուրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ դրա խաղաղ կարգավորման էությունը, միեւնույն է, դրա կարգավորումը հիմնված է միջազգային երեք սկզբունքների` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա, որոնք ընկած են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի հայտարարությունների հիմքում:

Միջազգային հանրության դիրքորոշումը ԼՂ հիմնահարցի առնչությամբ արտահայտված է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում: Այս առումով, հակամարտության լուծումն առանց ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման անհնար է: Հայաստանը միշտ եղել եւ մնում է հավատարիմ խաղաղության ամրապնդման եւ կայուն զարգացման իր տեսլականին:

Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերն արդի միջազգային հարաբերությունների համակարգում՝ մենք պատրաստակամ ենք շարունակել երկխոսությունը մեր եվրոպացի գործընկերների հետ խորհրդարանական տարբեր ձեւաչափերում:

Մեկ անգամ եւս ողջունում եմ ձեզ եւ մաղթում արդյունավետ աշխատանք:


08.03.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...

28.01.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am