National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
31.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբահամյանի ելույթը ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

«Հարգարժան պարոն նախագահ,

Հարգելի արտաքին գործերի նախարար,

Հարգելի գործընկերներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է ողջունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի նիստի մասնակիցներին Երեւանում: Հուսով եմ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերի անցկացումը մեր մայրաքաղաքում՝ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում իր ուրույն էջը կբացի Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի պատմության մեջ:

Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղվածությունը եւ եվրաինտեգրման գործընթացները գիտակցված ընտրության արդյունք է, որը խարսխված է մեր ընդհանուր արժեհամակարգի, հարուստ մշակութային եւ քրիստոնեական ժառանգության վրա եւ բխում է մեր ներքին օրակարգից: Այո, Հայաստանը եվրոպական քաղաքակրթության մաս է կազմում ինչպես իր անցյալով, այնպես էլ իր ներկայով՝ ժողովրդավարության հաստատման, օրենքի գերակայության ապահովման, հիմնարար ազատությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ստանձնած իր հանձնառությամբ: Հենց այս մղումով եւ գիտակցությամբ էր, որ տասներկու տարի առաջ՝ 2001 թվականին Հայաստանը միացավ Եվրոպայի խորհրդին՝ վերահաստատելով իր պատմական ու մշակութային պատկանելությունը համաեվրոպական արժեհամակարգին:

Այսօր, կազմակերպությանն անդամակցությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Արտաքին գործերի նախարարության, առաջին անգամ ստանձնեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը: Սա նշանակալից իրադարձություն է եւ միեւնույն ժամանակ մեծ պատասխանատվություն մեզ համար:

Իր նախագահությունը Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հավակնոտ օրակարգով, որի առանցքում են Եվրոպայի խորհրդի առջեւ ծառացած այնպիսի մարտահրավերների դիմագրավումը, ինչպիսիք են անհանդուրժողականությունը, այլատյացությունը եւ ռասիզմի դրսեւորումները: Մեր նախագահության օրոք մենք գործադրելու ենք հնարավոր միջոցները՝ այդ թվում նաեւ միջմշակութային երկխոսությունը, որպես այդ մարտահրավերները հաղթահարելու արդյունավետ միջոց:

Ժողովրդավարության ամրապնդման, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների հետեւողական պաշտպանության հանձնառությունը խարսխված է Հայաստանի իշխանությունների խորը գիտակցված համոզմունքի վրա: Այդ նույն հանձնառությամբ է պայմանավորված նաեւ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը աջակցելու Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նախաձեռնած բարեփոխումների հավակնոտ ծրագրի իրականացմանը, որի նպատակն է Եվրոպայի խորհրդի դերակատարության եւ արդյունավետության բարձրացումը:

Հարգելի ներկաներ,

Դարեր շարունակ մարդկությունը պայքարել է անհանդուրժողականության, ռասիզմի եւ այլատյացության դեմ, սակայն 21-րդ դարում, ինչպես տեսնում ենք, այս խնդիրները դեռեւս օրակարգային են: Գլոբալիզացիայի այս դարաշրջանում, մարդկանց լայնածավալ, երբեմն նաեւ անկառավարելի տեղաշարժի պայմաններում, մշակութային միջավայրը դառնում է ավելի բազմազան, ինչն առաջ է բերում սոցիալական եւ քաղաքական նոր մարտահրավերներ: Այս առումով, այսօր Եվրոպայի համար լրջագույն մարտահրավեր է անհանդուրժողականությունը: Տեղին է հիշել Մահաթմա Գանդիի հայտնի խոսքերը. «Անհանդուրժողականությունը ինքնին բռնության մի ձեւ է եւ խոչընդոտում է ժողովրդավարության իրական ոգուն»: Անհանդուրժողականությունն է ծնունդ տալիս ռասիզմին, այլատյացությանը, խտրականությանը, բռնությանը, որոնք, ի վերջո, վեր են ածվում հակամարտությունների: Այս համատեքստում, Եվրոպայի խորհրդի դերակատարությունը պետք է լինի առավել գործուն եւ նպատակային՝ գործադրելով իր իսկ տրամադրության տակ եղած հարուստ իրավական գործիքակազմի ողջ զինանոցը:

Կցանկանայի առանձնակի ընդգծել ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից միջմշակութային երկխոսությունը որպես առաջնահերթություն հռչակելու կարեւորությունը: Պատմականորեն լինելով տարբեր մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկում եւ ունենալով հարուստ մշակութային ժառանգություն՝ Հայաստանը հարյուրամյակներ շարունակ եղել է մշակութային փոխազդեցությունների կենտրոնում: Նման ազդեցության ներքո են եղել նաեւ Եվրոպայի բոլոր երկրները: Դա մշակույթների փոխհարստացման, միմյանց ավանդույթների հարգման, ուստի նաեւ խաղաղ գոյակցման բացառիկ հնարավորություն է ընձեռել: Քանզի հանդուրժողականության հիմքն է հանդիսանում մշակույթների, կրոնների եւ ավանդույթների նկատմամբ հարգանքը: Մեր առաջնահերթ եւ ընդհանուր նպատակն է տարբեր ժողովուրդների միասնության ամրապնդումը, նրանց հոգեւոր արժեքների ըմբռնումը:

Հարգելի գործընկերներ,

Ամփոփելով խոսքս, ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանը հավատարիմ է եվրոպական կառույցներին ինտեգրվելու իր քաղաքականությանը: Մենք ունենք բարեփոխումների գործընթացը առաջ տանելու, արժանապատիվ, անվտանգ եւ ժողովրդավարական պետություն կառուցելու բավարար քաղաքական կամք: Սա մեր ժողովրդի, մեր քաղաքացիների ընտրությունն է: Այդ նպատակին հասնելու համար մենք վերահաստատում ենք եվրոպական կառույցների հետ ակտիվ եւ արդյունավետ համագործակցելու մեր պատրաստակամությունը:

Կրկին ողջունում եմ ձեզ Երեւանում եւ մաղթում արդյունավետ աշխատանք»:







08.03.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...

28.01.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am