Տպել
21.09.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում
1 / 4

Սեպտեմբերի 21-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ  Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում` «Արդյոք ներկայացուցչական ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ է. մարտահրավերներ ազգային խորհրդարաններին» թեմայով: Նշենք, որ համաժողովին մասնակցում են Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրների խորհրդարանական պատվիրակություններ` խորհրդարանների ղեկավարների գլխավորությամբ:

Դիմելով համաժողովի մասնակիցներին` ՀՀ ԱԺ նախագահն ասաց.


«Հարգելի գործընկերներ,

Տիկնայք եւ պարոնայք,

 Իմ ելույթը ուզում եմ սկսել պարոն Նախագահին շնորհավորելով մեր հասարակություններին հուզող այս արդիական թեման ընտրելու համար: Այս համաժողովը նման կարեւոր խնդիրները քննարկելու կարեւոր հարթակ է:

Այսօր ինձ համար շատ խորհրդանշական է ժողովրդավարության այս տաճարի` ԵԽԽՎ բարձր ամբիոնից, ելույթ ունենալը. 21 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով, հռչակեց իր անկախությունը:

Հայաստանի համար անկախությունից ի վեր եվրոպական արժեհամակարգը հանդիսացել է մեր երկրի կառուցման ուղենիշը` արտահայտելով մեր ժողովրդի կամքը:

Հարգելի գործընկերներ,

Այսօրվա թեման մեր քաղաքական օրակարգում է արդեն տեւական ժամանակ: Սակայն վերջին տնտեսական ճգնաժամը եւ դրա արդյունքում պարտադրված կոշտ տնտեսական քաղաքականությունը մարտահրավեր են մեր համընդհանուր եվրոպական ժողովրդավարության արժեհամակարգին` ստիպելով մեզ անընդհատ անդրադառնալ այդ երեւույթին: 2010 թվականին Հայաստանում կայացած «Ժողովրդավարության ապագայի»  ֆորումը անդրադարձ կատարեց ճգնաժամի հիմնական պատճառներին եւ նախանշեց հաղթահարման հնարավոր ուղղությունները:

Իհարկե, խորհրդարանները, լինելով ներկայացուցչական ժողովրդավարության ամենակարեւոր օղակներից մեկը, առանցքային դերակատարություն ունեն այս հարցում:

Սակայն ինտերնետը, տեղեկատվական տեխնոլոգիաները եւ սոցիալական ցանցերը լայն հնարավորություն են տալիս քաղաքացիներին ժամանակակից հասարակության ժողովրդավարական կյանքի ակտիվ մասնակից դառնալ: Մարդիկ ազատ բանավիճում են եւ շփվում անկախ տարածություններից եւ սահմաններից: Նման միջավայրում առկա է վտանգ, որ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը անկարող լինի արտահայտել ավելի դինամիկ հանրային կամքը: Ընդ որում վտանգն առկա է նաեւ այն դեպքում, երբ իշխանության լեգիտիմությունը որեւէ կասկած չի հարուցում:

Գոյություն ունեցող կառավարման համակարգերը իրականությանը ներդաշնակեցնելու հրամայականը պահանջում է հասարակական գործընթացների դերակատարների նոր փոխհարաբերություններ: Որքան էլ հակասական հնչի` ներկայացուցչական ժողովրդավարության ճգնաժամը պետք է հաղթահարվի ժողովրդավարության գործիքակազմի ընդլայնմամբ: Ներկայացուցչական ժողովրդավարությունը չպետք է լինի ժողովրդավարության միակ արտահայտչամիջոցը: Մենք պետք է գտնենք ժողովրդի եւ իշխանությունների միջեւ փոխգործակցության նոր, առավել կենսունակ, արդյունավետ միջոցներ: Դրանք պետք է նաեւ ներառեն տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործում անմիջական ժողովրդարության տարրեր:

Հարգելի գործընկերներ,

Ժողովրդավարությունը կենսունակ չէ առանց ժողովրդավարության մշակույթի: Այն պահանջում է հասարակության շարունակական կրթում, որի հիմնական պատասխանատուն քաղաքական վերնախավն է: Հետեւողական աշխատանքներն այս ուղղությամբ այն ճանապարհն է, որը կկանխի եվրոպական արժեքային համակարգի չարաշահումը, երբ դրանով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները դառնում են միջոց ծայրահեղ գաղափարախոսության տարածման համար: Սա այն վտանգն է, որ մենք պետք է կանխենք միասին:

Այս տեսանկյունից անհանգստությամբ եմ արձանագրում, որ Եվրոպայի խորհրդի տարածքում դեռեւս առկա է անհանդուրժողականության ու ռասիզմի խրախուսումը: Ընդամենը վերջերս տեղի ունեցավ մի աննախադեպ դեպք, երբ էթնիկ ատելության հողի վրա դաժան սպանություն կատարած եւ ցմահ բանտարկության դատապարտված մարդասպան Սաֆարովը փոխանցվեց Ադրբեջանին, ազատ արձակվեց եւ հերոսացվեց Ադրբեջանի ռեժիմի կողմից: Անգամ այն բանից հետո, երբ քաղաքակիրթ աշխարհը դատապարտեց այդ երեւույթը, Ադրբեջանում նոր թափ ստացավ նման հանցագործությունների արդարացման գործընթացը: Բավական է բացել Ադրբեջանի նախագահի կայքը եւ դուք կտեսնեք երկրի բարձրագույն իշխանության տարբեր ներկայացուցիչների ելույթները` ի պաշտպանություն նման հանցագործությունների: Ռասիզմի, քսենոֆոբիայի դրսեւորումները կարող են վարակիչ լինել: Դա միայն Հայաստանի ու ԼՂ ժողովրդի խնդիրը չէ: Ռասիզմն այսօր, ցավոք, ունի պարարտ հիմք, եւ դրա դեմ պայքարի արդյունավետ միջոց չգտնելը կվտանգի ամբողջ Եվրոպան:

 Եվրոպան պետք է ի զորու լինի համարժեք եւ աներկբա կերպով արձագանքել մեզ նետած այս մարտահրավերին»:


24.04.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ժողովուրդ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 109 տարի առաջ Օսմանյա...

22.04.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին
Հարգելի՛ պարոն նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել այս համաժողովին մասնակցելու հրավերի եւ այս...

07.04.2024
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ
Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:   Դուք պարգեւում եք կյանք, ջերմու...

30.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը Հարության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,   Ջերմորեն շնորհավորում եմ Սուրբ Զատկի՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնի առթիվ: Թող այս լուսավոր տոնն օրհնություն, խաղա...

24.03.2024
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում
Միջխորհրդարանական միության տիկի՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Գործընկեր խորհրդարանականնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախքան ելույթս սկսելը ցանկան...

21.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում
Հարգելի՛ համանախագահներ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է նման հարգարժան լսարանի առջեւ ելույթ...

08.03.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...

28.01.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...