National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
06.06.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում
1 / 3

Հարգելի՛ գործընկերներ, ուրախ եմ ողջունել ձեզ:

Գործընկերնե՛ր, անցյալ տարի Հայաստանը ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը: Կցանկանայի ձեզ ընդհանուր գծերով տեղեկացնել 2021-2022 թթ. ընթացքում ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության առաջնայնությունների իրականացման ընթացքի մասին:

Կազմակերպության նախագահությունը ստանձնելով որպես առաջնահերթություն՝ խնդիր է դրվել արդիականացնել ճգնաժամային արձագանքման, մոնիթորինգի, ճգնաժամային իրավիճակների կանխատեսման եւ կանխարգելման մեխանիզմները: Գոհունակությամբ կցանկանայի նշել, որ այս գերակա ուղղություններով ձեռնարկվել են համապատասխան քայլեր: Խոսքը ճգնաժամային արձագանքման մեխանիզմների մասին է:

Ինչպես գիտեք, այս տարվա սկզբին հաշվի առնելով Ղազախստանի նախագահ պարոն Տոկաեւի հայտը` Հայաստանը` որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, շտապ խորհրդակցություններ նախաձեռնեց կազմակերպության երկրների ղեկավարների հետ, ինչի արդյունքում վարչապետ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու իր որոշման մասին:      Խաղաղապահ գործողության արդյունքները հավաստեցին կազմակերպության պատրաստակամությունը՝ անդամ պետությունների անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ ժամանակին միջոցներ ձեռնարկելու հարցում եւ ցուցադրեցին ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանային կայունության պահպանման գործում: Մենք միշտ համարել ենք, որ ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման մեխանիզմները պետք է ճիշտ աշխատեն: Մինչ այդ Հայաստանը մի իրավիճակում էր, երբ մենք սպասում էինք, որ մեխանիզմները կաշխատեն, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ:

Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում արտաքին քաղաքական համակարգման խորացմանը եւ փոխադարձ աջակցությանը միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ համաձայնեցված մոտեցումների մշակման համար, որոնք շոշափում են ՀԱՊԿ անդամ պետությունների շահերը: Միանգամայն համոզված ենք, որ նման միասնությունը պետք է դրսեւորվի կազմակերպության ցանկացած միութենական պետության նկատմամբ:

Այս տարի զգալի ջանքերն ուղղված են կազմակերպության Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ճգնաժամային իրավիճակներին արձագանքման համակարգի կատարելագործմանը, համապատասխան որոշումների ընդունման մեխանիզմի արդիականացմանը, առաջին հերթին՝ նորմատիվ-իրավական բազայի զարգացման, ինչպես նաեւ ճգնաժամային արձագանքման կենտրոնի շրջանակում փոխգործակցության հաստատմանը:

Հայաստանի Հանրապետության հաջորդ գերակայությունը ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) հետագա զարգացումն է, նպատակադրված խնդիրների կատարման նրանց պատրաստակամության պահպանումը՝ հաշվի առնելով ՀԱՊԿ պատասխանատվության գոտու անմիջական մերձակայքում գտնվող տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրության դինամիկայի եւ փոփոխման կանխատեսումը:

Առանձին կցանկանայի ընդգծել կազմակերպության խորհրդարանական չափման դերը, որի գծով մեր առաջնահերթություններն են անվտանգության ապահովման ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրության մերձեցումն ու ներդաշնակեցումը՝ հաշվի առնելով մարտահրավերներն ու սպառնալիքները, այդ թվում՝ թվային, տնտեսական, ֆինանսական, բնապահպանական ոլորտներում:

Մենք նաեւ ջանքեր ենք գործադրում խորհրդարանական վեհաժողովի ինստիտուցիոնալ շարունակական զարգացման եւ ակտիվացման համար: Այս համատեքստում կարեւոր եւ ժամանակին եմ համարում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի կառուցվածքի կատարելագործման առաջարկը:

Պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության նախագահությունն անցնում է աշխարհի անվտանգության ճարտարապետության բարդ փոխակերպման ժամանակաշրջանում:

Մենք ականատես ենք, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը լարված է, եւ կազմակերպության անդամ պետությունները շարունակում են բախվել նոր մարտահրավերների ու սպառնալիքների: Դաշնակցային պետությունների սահմանների ամբողջ պարագծով շարունակում է աճել կոնֆլիկտային ներուժը: Բարդ եւ ծանր իրավիճակ է Տաջիկստանի եւ Աֆղանստանի սահմանին: Հուսով ենք, որ հակամարտող երկրների միջեւ առկա խնդիրները լուծում կստանան դիվանագիտական ճանապարհով: Լարված է մնում նաեւ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Ցավոք, Ադրբեջանը շարունակում է բավականին ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Մտահոգություն է առաջացնում ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի: Հուսով ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները, որոնք առանցքային դեր ունեն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովման գործում, կվերականգնեն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստատուս-քվոն:

Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է 2020 թ. նոյեմբերի 9-ի բոլոր պայմանավորվածությունների եւ պետությունների ղեկավարների հաջորդ եռակողմ հայտարարությունների կատարմանը: 44-օրյա պատերազմի հետեւանքով ստեղծված մարդասիրական խնդիրների համատեքստում առաջնայինը հայ ռազմագերիների եւ Ադրբեջանում պահվող այլ քաղաքացիական անձանց անվերապահ եւ անհապաղ վերադարձն է, ինչպես նաեւ հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանումը ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում:

Սիրելի՛ գործընկերներ, ուզում եմ մեկ անգամ եւս ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային վեճ չէ, դա Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքի հարցն է: Կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջմղման գործում առանցքային դեր պետք է խաղա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Միեւնույն ժամանակ, կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը չխախտել իրենց ռազմատենչ եւ ծավալապաշտական հռետորաբանությամբ Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության ապահովմանն ուղղված քայլերը:

Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության եւ բարեկեցության հաստատմանը եւ բազմիցս արձանագրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամությունը: Համապարփակ խաղաղության հասնելու համար մենք օրակարգը լրացրեցինք մեր առաջարկություններով եւ հանձնեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ նշել, որ որքան էլ արդիական լինեն Հայաստանի կողմից հնչեցված կազմակերպության զարգացման առաջնահերթությունները, արդյունքների կարելի է հասնել միայն հավաքական անվտանգության համակարգի հետագա ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերի, կառուցողական եւ արդյունավետ համագործակցության ու կազմակերպության անդամ պետությունների միջեւ դաշնակցային հարաբերությունների դինամիկ զարգացման շնորհիվ:

Շնորհակալություն ուշադրության համար:


05.07.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Մայր օրենքով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները Հայաստանի Հանրապե...

28.05.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, 1918 թ. մայիսի 28-ը հայի չընկրկող կամքի, անափ հայրենասիրության, հավաքական կամքի եւ տիրող իրավիճակի դեմ միասնականորեն պայքարելու...

24.04.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Ապրիլի 24-ը հայ ժողովրդի բնաջնջման ծրագիր էր, որը գլխատեց  մեր ժողովրդին, փրկվածներին սփռեց աշխարհով մեկ՝ առանց վաղվա տեսլ...

20.04.2022
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է եզդիական համայնքին Նոր տարվա կապակցությամբ
Հայաստանի եզդիական համայնքի հարգելի` եղբայրներ եւ քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Թող յուրաքան...

16.04.2022
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ոստիկանի մասնագիտական օրվա առթիվ
Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ: Ձեր զգոն ու կարեւոր աշխատանքը մեր քաղաքացիների անվտանգության եւ պաշտպանված...

27.01.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2022 թվականի ձմեռային նստաշրջանում: Հունվարի 24-ին մեկնարկած ...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS