National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
18.07.2019
«Օրենսդիր մարմնի անկախության ամրապնդումն ընդդեմ աճող ավտորիտարիզմի». Արարատ Միրզոյանի ելույթը Վաշինգտոնում կայացած Առաջնորդների ֆորումում
1 / 2

«2000-ականների սկզբին աշխարհով մեկ արդեն իսկ գրանցվել էր ավտորիտարիզմի աճ: Միեւնույն ժամանակ, մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ համաշխարհային այս մարտահրավերն ունի բազմաթիվ պատճառներ, սակայն եթե մատնանշելու լինենք հիմնականը, ապա դա կլինի ավանդական ժողովրդավարական գործընթացներում քաղաքացիների մասնակցության ձախողումը:

Մինչեւ oրենսդիր մարմնի անկախության կարեւորության վերահաստատումը, մենք պետք է վերագնահատենք անկախ օրենսդիր մարմնի դերը եւ էությունը: Երեք դար առաջ Ամերիկայի Սահմանադրության համահեղինակ Ջեյմս Մեդիսոնն իր «Ֆեդերալիստ» հանդեսի հոդվածաշարում ուսումնասիրել է «մաքուր ժողովրդավարություն» եւ «հանրապետություն» հասկացությունները: Նա նախազգուշացնում է հանրապետության սկզբունքներից դուրս գործող տարբեր խմբավորումների բացասական ազդեցությունների մասին: Այս միտքն ավելի հնչեղ է մեր օրերում, երբ ժողովրդավարական ինստիտուտները տեւական ժամանակ է, ինչ գործում են:

2018 թվականի ապրիլյան խաղաղ, ժողովրդավարական հեղափոխությունը բացառիկ եւ կարեւոր հաղթանակ էր կարծրացող ավտորիտարիզմի նկատմամբ: Այս ժողովրդական շարժումը վերահաստատեց քաղաքացու եւ կառավարության միջեւ կապը: 2018 թվականին Հայաստանի քաղաքացիները նվաճեցին իրենց ներկայացուցիչներին ընտրելու իրավունքն ազատ եւ արդար ընտրություններում, մի իրավունք, որը տեւական ժամանակ ոտնահարված էր: Այս փաստը ճանաչվել է ոչ միայն մեր միջազգային գործընկերների, այլ նաեւ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի կողմից:

Քանի դեռ ազատ եւ արդար ընտրությունները ժողովրդավարության համար անհրաժեշտ պայման են, շատ աշխատանք պետք է տարվի մեդիսոնյան ընկալմամբ հանրապետություն հաստատելու համար: Ժողովրդավարության ինստիտուցիոնալացումը եւ օրենսդիր մարմնի դերն այս գործընթացում առաջնային է՝ թույլ չտալու «խմբավորումներին» վնասել ժողովրդավարական կառավարմանը: Այս նպատակով Հայաստանում այժմ ընթանում է ժողովրդավարական ինստիտուտների բարեփոխման եւ հզորացման գործընթաց, որի դեպքում ժողովրդավարության առաջխաղացումն անշրջելի կլինի:

Անկախ օրենսդիր մարմինը ցանկացած ժողովրդավարության հենքն է: Օրենսդիր մարմնի անկախության հաստատման միջոցով մենք ժողովրդավարական պետական կառույցները պատվաստում ենք ընդդեմ խմբավորումների վարակի: Անկախ եւ ներկայացուցչական օրենսդիր մարմինը մի կողմից թույլ է տալիս հասարակությունում առկա տարբեր քաղաքական հայացքների բարձրաձայնում անհրաժեշտ խողովակներով, մյուս կողմից էլ ապահովում է հանրապետությունում հանրային քննարկում` ինստիտուցիոնալ մեխանիզմներով:

Ամփոփելով ելույթս` նշեմ, որ Ներկայացուցիչների պալատի այս երկկուսակցական ձեւաչափը լավ օրինակ է ծառայում աշխարհի մյուս օրենսդիր մարմինների համար` վերանայելու եւ իրականացնելու մեդիսոնյան գաղափարը: Անկախ օրենսդիր մարմինը` որպես քաղաքական ինստիտուտ, ամուր վահան է՝ դիմակայելու ավտորիտարիզմի վտանգներին, միեւնույն ժամանակ ունենալով բավականաչափ ճկունություն ներքին ճնշումներին տեղի չտալու համար»,-նշել է խորհրդարանի ղեկավարը: