Տպել
28.05.2018
Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
1 / 1

«Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի, մայիսյան հաղթանակների ու անկախության վերականգնման մեկդարյա հոբելյանի առթիվ:

Հարյուր տարի առաջ այս օրը վեց դարերի ընդհատումից հետո վերածնվեց հայոց պետականությունը: Ցեղասպանության ենթարկված ժողովուրդը, իր պատմական հայրենիքից մնացած վերջին հատվածի վրա միավորելով բոլոր ուժերը, շրջեց պատմության ընթացքը: Մայիսյան համաժողովրդական հերոսամարտերը պսակվեցին Սարդարապատի փառահեղ հաղթանակով եւ դարձան ա՛յն հենասյուները, որոնց վրա խարսխվեց Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը:

Մեկ դար առաջ աշխարհի քաղաքական քարտեզի վրա կրկին գրվեց ՀԱՅԱՍՏԱՆ բառը: Այդ իրավունքը միասին նվաճեցին հայ կադրային զինվորականը, արեւմտահայ գաղթականն ու կովկասահայ շինականը, արցախցի մարտիկն ու հայ հոգեւորականը: Եւ սերունդներին ավանդեցին պետականության անփոխարինելիության ու հայության ուժերի նկատմամբ հավատի վրա հիմնված արժեքային համակարգ, որի կրողն այսօր մենք ենք:

Պատմաքաղաքական բարդագույն պայմաններում կարճ կյանք ունեցավ մեր վերածնված պետականությունը: Բայց նրա գոյության երկուսուկես տարիները բավական եղան՝ ապահովելու ժողովրդի կյանքն ու անվտանգությունը, լուրջ քայլեր ձեռնարկելու զինված ուժերի ստեղծման, պետական ու հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար:

Հայաստանի առաջին հանրապետությունը դարձավ ա՛յն հիմքը, որի վրա վեր բարձրացավ Խորհրդային Հայաստանը, իսկ այսօր պաշտպանված հայրենիք ու ազատ հասարակարգ են կառուցում Հայաստանի ու Արցախի հանրապետությունները: Եվ դա հարգանքի լավագույն տուրքն է նրանց, ովքեր հուսահատության այն սեւ օրերին մեզ Մայիսի 28 պարգեւեցին:

Կրկին շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին այս նվիրական տոնի առթիվ, մաղթում խաղաղություն, երջանկություն, ստեղծարար աշխատանք, ազատ պետություն կերտելու կամք եւ վճռականություն»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:


24.03.2024
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում
Միջխորհրդարանական միության տիկի՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Գործընկեր խորհրդարանականնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախքան ելույթս սկսելը ցանկան...

21.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում
Հարգելի՛ համանախագահներ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է նման հարգարժան լսարանի առջեւ ելույթ...

08.03.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...

28.01.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...