Տպել
27/08/2018
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի փորձագետները մասնակցել են բյուջետային գրասենյակների ընդհանուր ցանցի 6-րդ տարեկան համաժողովին

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) «Հանրային ֆինանսների կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի եւ Մեծ Բրիտանիայի Հանուն Ժողովրդավարության Ուեսթմինսթեր հիմնադրամի աջակցությամբ ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի փորձագետներ Աշոտ Ավետիսյանը եւ Աշոտ Եղիազարյանը հունիսի 18-21-ը Կանադայի մայրաքաղաք Օտտավայում մասնակցել են Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված բյուջետային գրասենյակների ընդհանուր ցանցի (GN-PBO) 6-րդ տարեկան համաժողովին:

Համաժողովի ընթացքում ներկայացվեցին մի շարք շնորհանդեսներ խորհրդարանական բյուջետային գրասենյակների կողմից կատարվող տնտեսական վերլուծությունների, բյուջետային ծախսերի, իրավական շրջանակների, բյուջետային գրասենյակների անկախության և ֆինանսական սահմանափակումների վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի փորձագետները ներկայացրել են Հայաստանի խորհրդարանական բյուջետային գրասենյակի պատմությունը, առաքելությունը, գործունեության իրավական շրջանակը, գործառույթները և արտադրանքները:

Համաժողովի կազմակերպիչների կողմից կարեւորվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի մասնակցությունը եւ ընդգրկումը Բյուջետային գրասենյակների ընդհանուր ցանցի աշխատանքներում, ինչը կխթանի Հայաստանի օրենսդիր մարմնի այս կառույցի զարգացմանը, ինչպես նաեւ ցանցում ընդգրկված տարբեր երկրների բյուջետային գրասենյակների հետ համագործակցության ընդլայնմանը եւ լավագույն փորձի փոխանակմանը: