Տպել

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՍՏԱՆՁՆՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏԸ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 127-րդ հոդվածի 3-րդ մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 34-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման հավելվածի 2-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

1.  Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված  2018 թվականի ապրիլի 9-ի Ազգային ժողովի հատուկ նիստը գումարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ժամը 12:00-ին:

2.  Ազգային ժողովի պատգամավորների գրանցման կարգը սահմանում եւ գրանցումը կազմակերպում է Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբը:

3.  Նիստին հրավիրվող անձանց ցանկը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

4.  Նիստը նախագահողի բացման խոսքից հետո դահլիճ են բերվում Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը եւ Վեհամոր Ավետարանը:

5.  Ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին եւ Վեհամոր Ավետարանին՝ Սահմանադրությամբ սահմանված երդմամբ հանդես է գալիս  նորընտիր Հանրապետության նախագահը:

6.  Ելույթով հանդես են գալիս Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ  նորընտիր Հանրապետության նախագահը:

7.  Ելույթների ավարտից հետո դահլիճից դուրս են բերվում Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը եւ Վեհամոր Ավետարանը, որից հետո նախագահողը նիստը հայտարարում է փակված:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: