««Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվեց մայիսի 5-ի ԱԺ նիստում:
Հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշեց, որ արձանագրությունն արդեն ուժի մեջ է մտել Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի եւ Տաջիկստանի համար:
Փոփոխությունները նպատակ ունեն կատարելագործելու թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ պետությունների միջեւ համագործակցությունը: Համաձայնագրում լրացվում են օգտագործվող հասկացությունների սահմանումները, նախատեսվում են ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի, դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում համագործակցության առավել մանրամասն կարգավորումներ, պետությունների միջեւ տեղեկատվության փոխանակման կատարելագործմանն ուղղված դրույթներ:
Բացի այդ, փոփոխությունների արդյունքում նախատեսվում են իրավական հիմքեր` օպերատիվ հետախուզական եւ այլ միջոցառումների անցկացման նպատակով համատեղ օպերատիվ քննչական խմբեր ստեղծելու եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակն ընդլայնելու վերաբերյալ:
«Արձանագրության վավերացումը նպատակահարմար է Հայաստանի վարած արտաքին քաղաքականության առումով»,-եզրափակեց Ֆիդանյանը:
Գլխադասային` ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը: